Կլոդ Կիամբե (սեպտեմբերի 16, 2003(2003-09-16)[1], ԿԴՀ), հայտնի որպես Claude (/klaʊd/(լսել)), Կոնգոյում ծնված նիդերլանդացի երգիչ և երգերի հեղինակ։ Նրա դեբյուտային «Ladada (Mon dernier mot)» սինգլը 2022 թվականին գլխավորել է Նիդերլանդների սինգլների չարթը, որին հաջորդել են չարթերում հայտնված ևս չորս սինգլներ[2][3]։ Նրա դեբյուտային ալբոմը՝ Parler français, թողարկվել է 2024 թվականին։ «C'est la vie» երգով ներկայացրել է Նիդերլանդները Եվրատեսիլ 2025 երգի մրցույթում։
Կիամբեն ծնվել է 2003 թվականի սեպտեմբերի 16-ին Բոմայում՝ Կոնգոյի Դեմոկրատական Հանրապետությունում[4][5]։ Երբ եղել է ինը տարեկան, մայրը նրա և նրա քույրերի ու եղբայրների հետ փախել է Նիդերլանդներ, որտեղ նրանք սկզբում ապրել են Ալկմարի ապաստան հայցողների կենտրոնում։ Ավելի ուշ ընտանիքը տեղափոխվել է Էնկհեյզեն, որտեղ ստացել է HAVO միջնակարգ կրթության դիպլոմ։ Հետագայում սովորել է հյուրանոցային կառավարում, սակայն թողել է ուսումը[6]։ Խոսում է նիդերլանդերեն, ֆրանսերեն և անգլերեն[7]։
2019 թվականին Կիամբեն մասնակցել է The Voice Kids-ի ութերորդ եթերաշրջանին, որտեղ դուրս է մնացել մենամարտի փուլում[8]։ Հաջորդ տարի հաղթել է Are You Next? քասթինգ-շոուում՝ պայմանագիր կնքելով Cloud 9 ձայնագրման լեյբլի հետ[9]։
2022 թվականին Կիամբեն թողարկել է իր դեբյուտային «Ladada (Mon dernier mot)» սինգլը, որը գլխավորել է Dutch Top 40-ը։ Երգը նրան բերել է մի քանի մրցանակ, այդ թվում՝ 3FM Award «Լավագույն նորեկ» անվանակարգում և Qmusic-ի «Տարվա արտիստ» մրցանակը։ Իր երաժշտական ներշնչանքների թվում նշել է Stromae-ին և Լյուիս Կապալդիին[10][7]։ Նախատեսված է եղել, որ նա բացելու է Stromae-ի 2023 թվականի համերգները Ziggo Dome-ում, սակայն դրանք չեղարկվել են Stromae-ի առողջական խնդիրների պատճառով[7]։
2024 թվականի դեկտեմբերի 19-ին նիդերլանդական AVROTROS հեռարձակողը հայտարարել է, որ Կիամբեն ներկայացնելու է Նիդերլանդները Եվրատեսիլ 2025 երգի մրցույթում[11]։ Նրա մրցութային երգը՝ «C'est la vie»-ն, թողարկվել է 2025 թվականի փետրվարի 27-ին[12]։ Մրցույթի եզրափակչում 26 մասնակիցների շարքում զբաղեցրել է 12-րդ հորիզոնականը։