ԵՐԵՎԱՆԻ ՄԽԻԹԱՐ ՀԵՐԱՑՈՒ ԱՆՎԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԲԺՇԿԱԿԱՆ ՀԱՄԱԼՍԱՐԱՆԻ ԲԱԿԱԼԱՎՐԻԱՏԻ ՍՏՈՒԳԱՐՔՆԵՐԻ ԵՎ ՔՆՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԱՆՑԿԱՑՄԱՆ ԵՎ ՀԱՆՁՆՄԱՆ ԿԱՐԳ
Սույն կարգը սահմանում է Երևանի պետական բժշկական համալսարանի ստուգարքների և քննությունների անցկացման և հանձնման պայմանները:
1. Յուրաքանչյուր կիսամյակի ավարտման կապակցությամբ ռեկտորի հրամանով սահմանվում է տվյալ կիսամյակում նախատեսված քննությունների և երկու մարման շրջանների հստակ ժամկետներ:
2. Ուսանողին թույլատրվում են մասնակցել ստուգարքներին և քննություններին, եթե նա ստացել է տվյալ կիսամյակի ուսումնական պլանով նախատեսված բոլոր կրեդիտները, և ստուգման գրքույկում առկա Է դեկանի կամ տեղակալի ստորագրությունը՝ հաստատված դեկանատի կնիքով:
3. Նախատեսված կրեդիտները ստանալու համար ուսանողը պարտավոր է կիսամյակի ընթացքում մասնակցել դասախոսություններին, գործնական (սեմինարներ, լաբորատոր) և ցիկլային պարապմունքներին: Յուրաքանչյուր առարկային հատկացված ժամաքանակի 15%-ից ավելի բացակայության դեպքում, ուսանողը չի կատարում ուսումնական ծրագիրը, հետևաբար զրկվում է ստուգարքներին ու քննություններին մասնակցելու իրավունքից և հեռացվում է համալսարանից:
4. Համալսարանում ստուգարքների հանձնման ժամկետ է սահմանվում կիսամյակի վերջին շաբաթը՝ նախքան քննությունների սկսվելը: Ստուգարք ստանալու համար ուսանողը պարտավոր է լրացնել անհրաժեշտ կրեդիտային ժամաքանակը և հանձնել կիսամյակի ընթացքում նախատեսված հարցումները: Ստուգարք չստացած ուսանողին հնարավորություն է տրվում ստուգարքը հանձնել մարման շրջաններում:
5. Բոլոր կուրսերում դասավանդվող առարկաների հարցումները, ստուգարքները և քննությությունները անց են կացվում նշանակված օրերին, միայն գրավոր՝ թեստային եղանակով: Քննական վերջնական գնահատականը ձևավորվում է տարեկան (հանձնած հարցումների միջին գնահատական) և քննական գնահատականների միջինից: Քննություններին անբավարար գնահատական ստանալու դեպքում տարեկան գնահատականը հաշվի չի առնվում:
6. Առաջին մարման շրջանից հետո երեք և ավելի ստուգարք կամ քննություն չհանձնած, իսկ երկրորդ մարման շրջանից հետո մեկ ստուգարք կամ քննություն չհանձնած ուսանողները հեռացվում են համալսարանից:
7. Ուսման վարձի փոխհատուցման նպաստի համակարգում ընդգրկելու համար (վճարովի համակարգից անվճար համակարգի անցնելը և հակառակը՝ «ռոտացիա») ուսանողը պարտավոր է ուսումնական ծրագրով սահմանված ստուգարքները և քննությունները հանձնել միայն քննաշրջանի ընթացքում: Մարման շրջաններում ստուգարքներ և քննություններ հանձնած ուսանողը չի մասնակցում ուսման վարձի փոխհատուցման նպաստի մրցույթին: