The London Gazette
| Ստեղծում | 7 նոյեմբերի 1665 | |
|---|---|---|
| Երկիր | Միացյալ Թագավորություն | |
| Սեփականատեր | Միացյալ Թագավորության կառավարություն | |
| Գլխամասի վայր | Օքսֆորդ | |
| Հրատարակիչ | Մեծ Բրիտանիայի հանրային տեղեկատվության գրասենյակ | |
| Թողարկման ամսաթիվ | 7 նոյեմբերի 1665 | |
| Հրատարակման վայր | Միացյալ Թագավորություն | |
| Ծագման երկիր | Միացյալ Թագավորություն | |
| Լեզու | բրիտանական անգլերեն, անգլերեն | |
| Newspaper format | broadsheet | |
| Սպասարկող | TSO | |
| Պաշտոնական կայք | www.thegazette.co.uk | |
| Publication interval | 1 օր | |
The London Gazette (հայերեն՝ Լոնդոնյան թերթ ), ընդհանուր առմամբ հայտնի որպես The Gazette[1], Միացյալ Թագավորության կառավարական տեղեկագրերից մեկն և առաջնայինը նմանատիպ պարբերականների շարքում, որտեղ հրապարակվում են օրենքով սահմանված ծանուցումները։
Մեծ Բրիտանիայի կառավարության մյուս պաշտոնական թերթերն են «The Edinburgh Gazette»-ը և «The Belfast Gazette»-ը, որոնք «The London Gazette»-ում տպագրված համապետական նշանակության նյութերի վերահրապարակումից զատ ներառում են նաև հատուկ Շոտլանդիային և Հյուսիսային Իռլանդիային վերաբերող ծանուցումներ։ «The London Gazette»-ում հրապարակվում են ինչպես համազգային, այնպես էլ մասնավորապես Անգլիայի ու Ուելսի կազմակերպություններին կամ անհատներին վերաբերող նյութեր։ Այնուամենայնիվ, որոշ ծանուցումներ, որոնք վերաբերում են միայն Շոտլանդիային կամ Հյուսիսային Իռլանդիային, օրենքով նույնպես ենթակա են հրապարակման «The London Gazette»-ում։
«The London Gazette», «The Edinburgh Gazette» և «The Belfast Gazette» թերթերը հրատարակվում են «The Stationery Office» (TSO) ընկերության կողմից՝ «His Majesty's Stationery Office»-ի անունից: Դրանք ենթակա են Թագավորական հեղինակային իրավունքին:
«The London Gazette»-ը հավակնում է լինել անգլերենով պահպանված ամենահին թերթը և Մեծ Բրիտանիայում անընդմեջ հրատարակվող ամենահին թերթը՝ առաջին անգամ հրատարակված լինելով 1665 թվականի նոյեմբերի 7-ին որպես «The Oxford Gazette»[2][3]։ Ամենահինը լինելու հավակնությունն ներկայացնում են նաև «Stamford Mercury»-ն (1712) և «Berrow's Worcester Journal»-ը (1690)[4][5]։
Ընթացիկ հրատարակություն
[խմբագրել | խմբագրել կոդը]«The London Gazette»-ը հրատարակվում է յուրաքանչյուր աշխատանքային օր, բացառությամբ բանկային հանգստյան օրերի: Տեղեկագրում, ի թիվս այլոց, հրապարակվում են հետևյալ ծանուցումները․
- Միացյալ Թագավորության խորհրդարանի, Շոտլանդիայի խորհրդարանի, Սենեդի և Հյուսիսային Իռլանդիայի վեհաժողովի օրինագծերին թագավորական համաձայնության շնորհում
- Համայնքների պալատում թափուր տեղ առաջանալու դեպքում ընտրությունների անցկացման վերաբերյալ հրամանագրերի հրապարակում
- Նշանակումներ որոշակի պետական պաշտոններում
- Զինված ուժերում սպայական կոչումների շնորհումը և հետագայում սպաների առաջխաղացում
- Կորպորատիվ և անհատական սնանկություն
- Պատվավոր կոչումների, պարգևների և ռազմական մեդալների շնորհում
- Անունների կամ զինանշանների փոփոխությունները
- Թագավորական հռչակագրեր և այլ հայտարարություններ
«His Majesty's Stationery Office»-ը թվայնացրել է «The Gazette»-ի բոլոր թողարկումները, և դրանք հասանելի են առցանց[6]։
Պաշտոնական «Gazette»-ները հրատարակվում են «The Stationery Office»-ի կողմից: Բովանդակությունը հասանելի է մի շարք մեքենայընթեռնելի ձևաչափերով, ներառյալ XML (առաքումը էլեկտրոնային փոստով/FTP-ով) և XML/RDFa՝ Atom feed-ի միջոցով[7]:
Պատմություն
[խմբագրել | խմբագրել կոդը]
1665 թվականի նոյեմբերի 7-ին «The London Gazette»-ը առաջին անգամ հրատարակվել է որպես «The Oxford Gazette»։ Չարլզ II-ը ու Արքայական փոքր խորհուրդը տեղափոխվել են Օքսֆորդ՝ Լոնդոնի մեծ ժանտախտից փրկվելու համար, իսկ արքունականները, վարակվելու վախից, չեն ցանկացել ձեռք տալ լոնդոնյան թերթերին։ «The Gazette»-ը հրատարակվել է Հենրի Մադդիմանի կողմից «Իշխանության կողմից» նշագրումով, իսկ դրա առաջին թողարկման մասին իր օրագրում հիշատակել է Սեմյուել Փիփսը: Ժանտախտի նահանջելուն պես Թագավորը վերադարձավ Լոնդոն, և «The Gazette»-ը նույնպես տեղափոխվեց․ «The London Gazette» անվամբ առաջին համարը (համար 24) հրատարակվել է 1666 թվականի փետրվարի 5-ին[8]։ «The Gazette»-ը ժամանակակից իմաստով թերթ չի եղել. այն փոստով ուղարկվել է բաժանորդներին, այլ ոչ թե տպագրվել լայն հանրությանը վաճառելու համար[9]։
1889 թվականին «His Majesty's Stationery Office»-ը ստանձնել է «The Gazette»-ի հրատարակումը: 2006 թվականին «The Gazette»-ի հրատարակումը փոխանցվել է մասնավոր սեկտորին ՝ կառավարության վերահսկողության ներքո, երբ HMSO-ն վաճառվել է և վերանվանվել «The Stationery Office»։ Ամբողջ բովանդակությունը հասանելի է «Open Government Licence v3.0» լիցենզիայի ներքո, եթե այլ բան նշված չէ[1]:
21-րդ դարի սկզբին սկսվել են «The London Gazette»-ի արխիվային համարների թվայնացումը և առցանց տեղադրումը, իսկ «Gazettes-Online»-ը գործարկվել է 2003 թվականի հունվարի 28-ին[10]: 2014 թվականից սկսած՝ այն հասանելի է եղել միայն առցանց[9]:
Մինչև 1752 թվականի հունվարի 1
[խմբագրել | խմբագրել կոդը]Մինչև 1750 թվականի Օրացույցի (Նոր տոմարի) մասին օրենքի ուժի մեջ մտնելը 1752 թվականի հունվարի 1-ին (Ն.Տ.), «The Gazette»-ը հրատարակվել է Հուլյան օրացույցի վրա հիմնված ամսաթվով, որտեղ տարվա սկիզբ է համարվել մարտի 25-ը: (Ժամանակակից երկրորդական աղբյուրները կարող են այս ժամանակահատվածում օրացուցային տարվա սկիզբը ճշգրտել հունվարի 1-ին՝ պահպանելով բնօրինակ օրն ու ամիսը: Այս հարմարեցման կիրառմամբ՝ 1723 թվականի մարտի 24 (Հ.Տ.) տպագրված ամսաթվով թողարկումը ներկայացվել է որպես 1724 թվականին հրատարակված՝ նույն արևադարձային տարում, ինչ երկու օր անց՝ 1724 թվականի մարտի 26-ին հրատարակված թողարկումը):
Տեղեկագրում հրապարակված
[խմբագրել | խմբագրել կոդը]Պատերազմի ժամանակ տարբեր հակամարտություններից ուղարկված պաշտոնական զեկույցները հրապարակվել են «The London Gazette»-ում: Զեկույցներում հիշատակված զինվորականները նույնպես անվանապես նշվել են «The Gazette»-ում: Երբ զինված ուժերի ծառայողները պաշտոնի կամ կոչման բարձրացում են ստացել, և այդ առաջխաղացումները հրապարակվել են այստեղ, ասվել է, որ տվյալ անձը «պաշտոնապես հրապարակվել է տեղեկագրում»
«Պաշտոնական տեղեկագրում հրապարակված» (gazetted) կամ «տեղեկագրում հայտնված» լինելը նշանակել է նաև անձի սնանկության մասին պաշտոնական ծանուցման հրապարակում [1], ինչպես, օրինակ, դասական տաստողանոց բանաստեղծության մեջ, որտեղ համեմատվել են 1722 թվականի ծանրաբարո վարձակալ-ֆերմերը և 1822 թվականի ճոխ ծախսեր անող կեղծ-ազնվական ֆերմերները[11]։
Տղամարդը՝ գութանին,
Կինը՝ կովին,
Աղջիկը՝ մանվածքին,
Տղան՝ գոմին,
Եվ ձեր վարձը կվճարվի։
Մարդը՝ աղվեսաորսին,
Օրիորդը՝ դաշնամուրին,
Կինը՝ մետաքսին ու ատլասին,
Տղան՝ հունարենին ու լատիներենին,
Եվ դուք բոլորդ կհրապարակվեք տեղեկագրում:
Նշանադրության և ամուսնության մասին ծանուցումները նույնպես նախկինում հրապարակվել են «The Gazette»-ում:
Գաղութային թերթեր
[խմբագրել | խմբագրել կոդը]«The London Gazette»-ի օրինակով պաշտոնական տեղեկագրեր են հրատարակվել Բրիտանական կայսրության գրեթե բոլոր գաղութային տիրույթների համար: Դրանցից շատերի հրապարակումը շարունակվել է նաև անկախության ձեռքբերումից հետո և պահպանվում է մինչ օրս:
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- 1 2 «A history of The Gazette». The Gazette. Վերցված է 2025 թ․ փետրվարի 26-ին.
- ↑ «No. 6231». The London Gazette. 4 January 1723. էջ 1.; «No. 6257». The London Gazette. 4 April 1724. էջ 1.
- ↑ «No. 1». The Oxford Gazette. 7 November 1665. էջ 1.
- ↑ «The Rutland & Stamford Mercury». Արխիվացված է օրիգինալից 2008-04-20-ին.
- ↑ «Berrow's Worcester Journal – History of the newspaper». Worcester News. Newsquest. Արխիվացված օրիգինալից 2021 թ․ նոյեմբերի 7-ին. Վերցված է 2013-10-25-ին.
- ↑ «Search Result». thegazette.co.uk. Արխիվացված օրիգինալից 2017 թ․ դեկտեմբերի 6-ին. Վերցված է 2015 թ․ հունիսի 26-ին.
- ↑ «Data Re-use». The London Gazette. Արխիվացված օրիգինալից 2020 թ․ մայիսի 27-ին. Վերցված է 2015 թ․ դեկտեմբերի 10-ին.
- ↑ «No. 24». The London Gazette. 5 February 1666. էջ 1.
- 1 2 McSmith, Andy (2013 թ․ դեկտեմբերի 30). «Yet another end of an era: 'The London Gazette', the UK's most venerable publication, goes online». The Independent. London. Արխիվացված օրիգինալից 2022 թ․ հունիսի 18-ին. Վերցված է 2021 թ․ նոյեմբերի 5-ին.
- ↑ Kidd, By | Patrick (2003-01-28). «London Gazette puts 350 years of history online» (բրիտանական անգլերեն). Վերցված է 2026-08-10-ին.
- ↑ By William Hone (1827); published by Hunt and Clarke.
Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- London, Edinburgh and Belfast Gazettes official site
- Works by The London Gazette at LibriVox (public domain audiobooks)

Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «The London Gazette» հոդվածին։
| ||||||||||